BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թրամփ ու Պուտին` հետո ի՞նչ

Թրամփ ու Պուտին` հետո ի՞նչ
17.11.2017 | 12:32

Անցած շաբաթ ես գրել էի, որ եթե Դանանգում ԱՍԵԱՆ-ի համաժողովում Թրամփն ու Պուտինը հանդիպեն, երկու կարևոր հարց պիտի քննարկեն, որ պարզություն մտցնեն ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում: Համաժողովն ավարտվեց և մենք ստանում ենք առաջին պատասխանները: Ես պնդում եմ, որ ռուսական կողմի համար շատ կարևոր է հարցը` իրո՞ք Դոնալդ Թրամփն է ղեկավարում ԱՄՆ-ի քաղաքականությունը: 7 օր առաջ Սպիտակ տունը ազդանշանեց, որ 2 նախագահների պաշտոնական հանդիպում կլինի, որը ծրագրված է և լիովին որոշակիացված օրակարգ ունի: Հետո ԱՄՆ-ը սկսեց այդ հայտարարություններից հրաժարվել: Շաբաթվա վերջին հաղորդեցին, որ հանդիպման ոչ մի ծրագիր չկա, որ կլինի լուսանկարվելուց առաջ ոչ պաշտոնական զբոսանքից ոչ ավելին, նաև կարճ զրույցներ նիստերի ընդմիջումներին:

Այսինքն` ոչ այնպես, ինչպես Համբուրգում էր, հուլիսին, G20-ի ժամանակ: Ի՞նչ կատարվեց: Չունի՞ Դոնալդ Թրամփը Ջորջ Բուշի խնդիրը, որ ակնհայտորեն չէր կարողանում շփման կետ գտնել Վլադիմիր Պուտինի հետ և որոշակի քաղաքական որոշումների վերածել: ԱՍԵԱՆ-ի վեհաժողովը որքան մոտենում էր, այնքան պարզ էր դառնում, որ ՌԴ նախագահը Վիետնամում չի պատրաստվում խոսել քաղաքականության փոփոխության մասին և մեծ զիջումներ անել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի, Սիրայի, Իրանի, ՈՒկրաինայի հարցերում: Լավագույն դեպքում` ՌԴ նախագահը պատրաստ է ԱՄՆ նախագահի հետ վիճարկել որոշ հարցեր և հասնել Վաշինգտոնի զիջումներին` փոխարենը համաձայնելով ԱՄՆ առաջարկներին այլ հարցերում: Անկասկած` 2 կարևոր հարց կա, որ պետք է քննարկեն և հաստատեն նախագահները: Առաջինը` ԱՄՆ պատժամիջոցներն են, որ մտցվել են Կոնգրեսի օրենսդրական որոշումով ռուսական ընկերությունների և նրանց հետ բիզնեսով զբաղվող երրորդ երկրների դեմ: Առաջիկա շաբաթում այդ պատժամիջոցների կարևորագույն ստուգում կլինի` կհամաձայնի՞ Իտալիայի էներգետիկ հսկա ENI-ն Ռոսնեֆտի հետ շարունակել համատեղ նախագիծը Սև ծովում: Եվրոպական կարգավորիչները գործարքին հավանություն են տվել, բայց ակնհայտորեն գործարքը կգրավի ԱՄՆ կարգավորիչ կառույցների ուշադրությունը` ԱՄՆ ֆինանսական ու տեխնիկական պատժամիջոցների հնարավոր խախտումների առումով: Երկրորդ կարևոր հարցը վերջնական որոշումն է` ԱՄՆ-ը ուկրաինական բանակին ժամանակակից զենք և հատկապես հակատանկային հրթիռներ կմատակարարի՞, թե՞ ոչ: Քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանին անկյուն է քշում իբրև «եվրոպական» պետություն, Ռուսաստանի գծով մասնագետներ չկային Թրամփի պատվիրակության կազմում, որը մեկնեց համաժողովին: Այդ պատճառով ծագեցին կասկածներ, որ Վիետնամում բովանդակային հանդիպումներ կլինեն Թրամփի ու Պուտինի միջև` առանց ԱՄՆ պաշտոնական անձանց, որ ի վիճակի են նրան անհրաժեշտ խորհուրդներ և տեղեկություններ տալ (և հետո պիտի այդ հանդիպման որոշումները կյանքի կոչեն): Այլ տարակույսներ էլ կային:

Օրինակ, եթե Վիետնամի հանդիպումը Համբուրգի սցենարով լիներ (Համբուրգում հանդիպեցին միայն նախագահները և ԱԳ նախարարները), Պուտինը կարող է համոզել Թրամփին մի շարք զիջումների: Ասենք` թուլացնել որոշակի կոնկրետ պատժամիջոցներ` ստանալով Ռուսաստանի աջակցությունը Թրամփի նախաձեռնություններին, կամ Թրամփը Մոսկվային զիջումների կգնա Սիրիայի ու ՈՒկրաինայի հարցում: Առաջին նշանները արդեն կան, օրինակ, երբ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հոկտեմբերին պատմական այց կատարեց Մոսկվա: Սաուդյան պատվիրակությունը ասես հասկացրեց, որ եթե Ռուսաստանը առավել կառուցողական ու կայունացնող դեր խաղա Մերձավոր Արևելքում, 2014-ին ու 2016-ին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պահպանության անհրաժեշտությունը կվերանա: Դանանգում երկու նախագահների հանդիպման ընդհանուր ուղղվածության և իմաստի պահպանումը բացառում էր լարված առևտրի և լուրջ բանակցությունների հնարավորությունը: Բայց ռուսական կողմում հարց էր ծագում` ընդհանրապես Թրամփը հակվա՞ծ է Կրեմլի հետ քաղաքական առևտրի ու բանակցությունների և այդքան կշիռ, ազդեցություն ու հեղինակություն ունի՞, որ ինչ-որ համաձայնություն անցկացնի` հակառակ ներքին կոշտ ընդդիմության, որ կա ազգային անվտանգության ոչ միայն նրա սեփական թիմում, այլև Կոնգրեսում, որտեղ 2 կուսակցությունների միջև համաձայնություն կա միայն մեկ հարցում` հակազդել Վլադիմիր Պուտինին որևէ զիջման: Նույնիսկ Թրամփի նշանակյալները ոչ մի փոխզիջման հակված չեն, որ թույլ կտար Մոսկվային Դամասկոսում պահել Բաշար Ասադի իշխանությունը, կամ Ռուսաստանին հնարավորություն տար իր ձեռքբերումները պահպանել ՈՒկրաինայում: Դա անհնար է, երբ գերիշխում է կարծիքը, որ ԱՄՆ-ի հզոր ու համաձայնեցված գործողությունները կարող են հանգեցնել այլ արդյունքների: Քանի որ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ՈՒկրաինան շրջանցող ռուսական խողովակաշարի անցկացմանը մինչև 2019-ը, չնայած գործող պատժամիջոցներին, այսօր նոր փորձեր են արվում կասեցնելու «Հյուսիսային հոսքի» ընդլայնումը և թույլ չտալու «Թուրքական հոսքի» դեպի Եվրոպա արտահանման ճյուղի կառուցումը: ԱՄՆ-ը վստահ է, որ պատժամիջոցների ընդլայնումը և սիրիական ընդդիմությանն աջակցության մեծացումը կարող են հանգեցնել ռուսական ծրագրերի ու հաշվարկների փոփոխության: Այդ պատճառով` Կրեմլին ժամանակից շուտ զիջումների հիմքեր չկան:

Սակայն բոլորս կարդացել ենք Թրամփի մեկնաբանությունը Դանանգի համաժողովից հետո: ԶԼՄ-ները կենտրոնացան այն փաստին, որ Թրամփը պատրաստակամորեն համաձայնել է Պուտինի հայտարարությանը` 2016-ի ընտրություններին Ռուսաստանի չմիջամտելու վերաբերյալ: Բայց ևս երկու պահ կա, որ շատ ավելի մեծ ուշադրության է արժանի: Առաջինը` նախագահին համոզել են, պարտադրել կամ խորամանկելով հարկադրել են հրաժարվել Պուտինի հետ պաշտոնական հանդիպումից Դանանգում: Նշանակում է` Թրամփը մտադիր է երկու նախագահների ու նրանց թիմերի ծավալուն ու բովանդակային հանդիպում ունենալ ապագայում ինչ-որ անորոշ պահի: Եթե այդպես է, շատ կարևոր է` ինչպե՞ս է ձևավորվելու այդ հանդիպման օրակարգը, և ի՞նչ չափորոշիչներ են բանակցություններն ունենալու: Երկրորդ` ի՞նչ դեր է մտադիր խաղալ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության մեջ: Երբեմն նախագահական ինքնաթիռում արված նրա մեկնաբանություններն ուղղակի ապշեցնում են: Կարծես` նա նախագահի պաշտոնի մեջ տեսնում է ինչ-որ հեռավոր և իշխանության գործադիր թևից խիստ տարբեր իշխանություն: Լինելով գործադիր իշխանության գլուխ` Թրամփը պետք է ղեկավարի հետախուզական հանրությունը, դիվանագիտական կորպուսը, զինված ուժերը: Սակայն նրա հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանի նկատմամբ կառավարության քաղաքականությունը նրան անձամբ դուր չի գալիս և ինքը համաձայն չէ այդ քաղաքականության հետ, սակայն ի զորու չէ փոխել: Մենք ստացանք առաջին պատասխանները, սակայն շատ հարցեր լուծված չեն: Նախագահների հանդիպումները G20-ի ու ԱՍԵԱՆ-ի շրջանակներում չկարողացան փոխել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացքը: Կփոխի՞ նրանց անմիջական պաշտոնական հանդիպումը: Այո, եթե նախնական հարցերին տրվեն որոշակի և վերջնական պատասխաններ:
Նիկոլաս ԳՎՈԶԴԵՎ, The National Interest, ԱՄՆ


Հ.Գ. Ի՞նչ բանակցություններ, որ որոշակի ու վերջնական պատասխաններից հետո միայն կարող են սկսվել: Առավել ևս ՌԴ ու ԱՄՆ նախագահների պաշտոնական հանդիպումը ապրիորի է դառնում` յուրաքանչյուրի զուգահեռ այլ հանդիպումներից դատելով: Ոչ Թրամփը, ոչ Պուտինը միմյանց ընդառաջ քայլեր չեն անում: Թրամփը Սի Ցզինպինի հետ է եղբայրանում, Պուտինը` Էրդողանի: Ռեալ քաղաքականության մեջ Սին Պուտինի դաշնակիցն էր, Ռեջեփը` Թրամփի: Երբ փոխվում է նաև դաշնակիցների կազմը, բանակցային ի՞նչ ընդհանուր օրակարգ կարող է լինել: Ընդհանրություն չկա Սիրիայի հարցում էլ` թեպետ համատեղ հայտարարություն ընդունվեց Դանանգում: Ոչ Բաշար Ասադի հետագա պաշտոնավարման հարցում, ոչ ԻՊ-ի դեմ կռվող ռուսական ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում, ոչ Սիրիայի հետպատերազմյան վերականգնման: Մոսկվան միանգամայն իրավացի է մեկ հարցում` իրո՞ք Դոնալդ Թրամփն է կառավարում երկիրը, թե՞ համակարգը, որի որոշումների հետ նախագահը համաձայն չի լինում, բայց բեկանել չի կարող: Դա ոչ միայն Մոսկվայի, նաև Բրյուսելի գլխացավանքն է` ու՞մ հետ իմաստ ունի հարաբերվել` Կոնգրեսից կախում ունեցող ու անկայուն նախագահի՞, թե՞ զինվորականների ու ֆինանսիստների: Իսկ դա հարաբերությունների մակարդակը մի քանի աստիճանով իջեցնում է` նախագահներն ու վարչապետները չեն հանդիպում իրենցից ցածր պաշտոնյաների հետ` գլխավոր հարցերը լուծելիս:


Պետքարտուղարի վրա էլ հույս չես դնի` Թրամփ-Թիլերսոն հարաբերությունները Օբամա-Քերի հարաբերությունները չեն, ԱՄՆ գործող նախագահն ու պետքարտուղարը տարօրինակ զույգ են թե միմյանց նկատմամբ անձնական վերաբերմունքի, թե իրենց պաշտոնական պարտականությունների ընկալման առումով: Իսկ գուցե և լավ է, որ Թրամփն ու Պուտինը չեն հանդիպում, երբ մեծ տերությունները մեծ հարցերում իրար հետ քաղաքական առևտուր են անում, զիջումները կատարվում են փոքր պետությունների հաշվին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ